Համաժողովը դարձել է հայ և ռուս ժողովուրդների գործընկերության և բարեկամության վկայությունը. Գնել Սանոսյան

Աննա Կոստանյան 19.10.2021 - 17:07
19.10.2021 - 17:07 դիտում
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ելույթ է ունեցել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովում:
«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ
​Տիկնայք և պարոնայք
​Ողջունում եմ «Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ խորագրով» հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:
​COVID-19-ի համաճարակով պայմանավորված՝ անցյալ տարի ստիպված եղանք հետաձգել Համաժողովը։ Թույլ տվեք նշել, որ ներկա պայմաններում մեծ ձեռբերում է այսպիսի լայնածավալ համաժողովի կազմակերպումը ոչ առցանց հարթակում՝ հատկապես կարևորելով մեր բարեկամական շփումների նաև անմիջական հնարավորությունը։
​Սկիզբ առնելով մեկ տասնամյակ առաջ` Համաժողովը դարձել է ավանդական և սպասված, ինչը հայ և ռուս ժողովուրդների գործընկերության և բարեկամության վկայությունն է։ Սա նաև այստեղ ներկա մարդկանց առավել սերտ կապեր հաստատելու, նոր գործընկերներ ձեռք բերելու և միջտարածաշրջանային հորիզոնական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ մեծ ձգտման արձանագրումն է։
Մեր երկրների միջև ռազմավարական համագործակցության, այդ համագործակցության միջտարածաշրջանային բաղադրիչի կարևորության մասին խոսեցին մեր երկրների ղեկավարները` իրենց՝ խոսքով ընգծելով մեր համաժողովի դերակատարումն այս ոլորտում։​
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցությունն ավանդաբար զարգացել է մշակույթի և կրթության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում` ընգծելով երկու երկրների ժողովուրդների պատմական հոգևոր ժառանգությունը պահպանելու և հայ-ռուսական հարաբերությունների բազմազան սպեկտրը էլ ավելի հարստացնելու փոխադարձ կամքը:
​Տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն առաջնահերթ խնդիրներ են ՀՀ կառավարության համար: Միջտարածաշրջանային հորիզոնական շփումները մարզերի համար տնտեսական աճի, գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման հիանալի հնարավորություն են ստեղծում, ինչպես նաև ամրապնդում մեր երկրների բարեկամական հարաբերությունները։ Եթե կարողանանք օգտվել միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից, ապա մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին։
​Ասվածի վառ վկայությունն են նաև երեկ տեղի ունեցած աշխատանքային կլոր սեղանների թեմատիկան և շահագրգիռ ու բովանդակալից քննարկումները։ Եվրասիական ինտեգրման գործընթացի առաջնահերթությունների սահմանումը, արդյունաբերական կլաստերների ներուժի ուսումնասիրումն ու համատեղ ծրագրերի նախանշումը, պատմամշակութային զբոսաշրջության զարգացումը, մեր ռեգիոնների երիտասարդների շփումները մեր տարածքային համագործակցության տեսանկյունից հեռանկարային են և երկուստեք խոստումնալից։ ​
Հարկ է ընդգծել, որ պարբերաբար տեղի ունեցող այս Համաժողովը հիանալի հարթակ է՝ վեր հանելու այն բոլոր խնդիրները, որոնց լուծումը կխթանի մեր երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը, կնպաստի արտադրության մեջ առաջադեմ տեխնոլոգիաներ և չափանիշներ որդեգրած ձեռնարկատերերի և գործարար շրջանակների շփումներին, ճանապարհ կհարթի տնտեսական և մտավոր ներուժի լիարժեք օգտագործման, նոր գաղափարների ներդրման և լավագույն փորձի փոխանակման վրա:
​Ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ արձանագրել, որ այս երկու օրերի ընթացքում մենք ձևավորեցինք հագեցված օրակարգ՝ մեր հետագա համագործակցության համար։ Հատկապես անհրաժեշտ եմ համարում շեշտել մեր նախարարությունների, մասնակիցների, և անկասկած կազմակերպիչների կատարած մեծ աշխատանքը։
Հուսով եմ, որ Ձեր մեծ թիմի այցելությունը Երևան կլինի արդյունավետ և, ինչու ոչ, նաև հաճելի։ Մաղթում եմ բոլորիս հաջողություն և, իհարկե, ամուր առողջություն։
Շնորհակալություն»,- ասված է ՏԿԵ նախարարի ելույթում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ