Հաղարծինի վանքի մոտ 23-ամյա աղջիկը սելֆի անելիս ընկել է ձորն ու մահացել

Աննա Կոստանյան 12.07.2021 - 13:05
12.07.2021 - 13:05 դիտում

Շաբաթ օրը Հաղարծին վանական համալիրի տարածքում դժբախտ պատահարի հետևանքով 23-ամյա քաղաքացի էր մահացել։ «Ա1+»-ին դեպքի մասին որոշ տեղեկություններ հայտնել են դեպքի պահին այդ տարածքում գտնված քաղաքացիներից մեկը։ Պարզվել է, որ մահացածը աղջիկ է, որը ինքնանկար՝ սելֆի կատարելու համար ձորի պռունկին կառուցված շինության վրա է բարձրացել և հենց լուսանկարվելու ընթացքում սայթաքել է այնտեղից ու վայր ընկել ձորը։

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ հուլիսի 10-ին, ժամը 17։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Հաղարծին» վանական համալիրի մոտ քաղաքացին կիսակառույց շինությունից ընկել է հարակից ձորակը և մահացել։ Փրկարարները ձորակից (մոտ 50 մ) դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Արդեն մի տասնամյակ է աշխարհն ահազանգում է սելֆիի նաև վտանգավոր լինելու մասին․ հատկապես որ դրա զոհ դառնում են դեռահասները։ Միայն 2011թ-2017թ ընթացքում աշխարհում 259 նման մահ է եղել, մեծ մասը ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Պակիստանում, Հնդկաստանում։

Ֆրանսիական Le Figaro թերթը գրել Է, որ վերջին տասնամյակում սելֆի ունենալու բուռն ցանկությունը հինգ անգամ ավելի շատ մարդ է սպանում, քան շնաձկների հարձակումը։ Եվ ամեն տարի, սմարթֆոնների տարածմանը զուգահեռ, ավելի է մեծանում զոհերի թիվը։ Օրինակ, 2020թ սկզբին բրիտանացի մոդել Մեդալին Դևիսի սելֆի անելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել։ 21–ամյա աղջիկը փորձել է սելֆի անել, սակայն ընկել է ժայռից և մահացել։ Մահացու միջադեպը տեղի է ունեցել մեծ ժողովրդականություն վայելող վիետնամական «Diamond Bay» լողափում վաղ առավոտյան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ