Կոռնիձորով Հայաստան են տեղափոխվել բենզալցակայանի պայթյունից զոհվածների աճյուններ

Աննա Կոստանյան 26.09.2023 - 17:35
26.09.2023 - 17:35 դիտում

Աճյունների տեղափոխման հարցը մինչ այս պահը կազմակերպված է եղել, և այսօր նույնպես աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով զոհվածների աճյունների տեղափոխման և բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու ծանր վիճակում գտնվողների՝ Հայաստան տեղափոխելու գործընթացը:

«Մի քանի ժամ առաջ Կոռնիձորով Հայաստան տեղափոխվեցին այն աճյունները, որոնք վերջին դեպքերի հետ էին կապված, և համապատասխան աջակցության արդյունքում կհասցվեն մարդկանց հարազատներին՝ համապատասխան հուղարկավորություն կազմակերպելու համար:

Բայց նաև մենք այս լարված իրավիճակում հատկապես մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք արագ տեղափոխել դեպի Հայաստան այն մարդկանց, որոնք ունեն առողջական լուրջ վնասներ նույն այս դեպքերի առնչությամբ, և ոչ միայն, որովհետև նախորդ օրերին ևս հիվանդանոցներում գտնվում էին մարդիկ, որոնց առողջական վիճակը պահանջում էր շուտափույտ տեղափոխում:

Ինչո՞ւ եմ ասում, որ դժվարություններ կային: Որովհետև գիտեք, որ ընդամենը մեկ ճանապարհ է միացնում, որտեղ մարդկանց միաժամանակ մեծ հոսքի պատճառով երեկ երեկոյան այնպիսի իրավիճակ էր, որ երթևեկությունը հնարավոր էր միայն 1 կողմից, և 5 շարքով մեքենաների կուտակման պատճառով աներթևեկելի էր դարձել (ճանապարհը – խմբ.) երկար կիլոմետրեր տարածության վրա: Այսինքն՝ ֆիզիկապես ամենամեծ ցանկության դեպքում անգամ մեր կողմից դեպի Ստեփանակերտ գնալը շատ դժվար էր:

Այդ դժվարին հանգամանքներում առողջապահության նախարարությունը, մեր մյուս գործընկերները, որոնք որոշակի ընթացակարգեր պետք է համաձայնեցնեին, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ, կարողացել են համաձայնեցնել օդային փոխադրումների եղանակով վատ առողջական վիճակում գտնվող մարդկանց որոշ մասի տեղափոխումը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նա նաև հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերջապես հնարավոր եղավ Ստեփանակերտ ուղարկել 2 տասնյակը գերազանցող շտապօգնության մեքենաներ, որոնք դեպի Հայաստան պետք է փոխադրեն այնտեղ գտնվող՝ ծանր առողջական վիճակով մարդկանց:

Տիգրան Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ մի քանի ժամ առաջ ուղղաթիռով Այրվածքաբանական կենտրոն է տեղափոխվել 7 անձ, որոնք տուժել էին բենզալցակայանի պայթյունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ