Կորոնավիրուսից հղի կին է մահացել

Աննա Կոստանյան 14.12.2020 - 14:10
14.12.2020 - 14:10 դիտում

Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Ցավոք սրտի, երեկ ունեցել ենք մայրական մահացության դեպք: 40-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվ շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք»,- ասաց նա:

Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սակայն, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումների, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ:

«Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է պտղի մահ, որի կապակցությամբ կյանքի ցուցումով կատարվել է ծննդալուծում` կեսարյան հատման միջոցով, որի ընթացքում արձանագրվել է սրտի ռիթմի խանգարում, արյան շրջանառության կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, պացիենտը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Դեկտեմբերի 13-ին վերջինիս վիճակը կտրուկ վատացել է և չնայած ողջ ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումների, արձանագրվել է կենսաբանական մահ»,- հայտնեց նախարարի մամուլի քարտուղարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ