Կովկասում անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, սրան հակասող ցանկացած մոտեցում միանգամայն անընդունելի է. Իրանի ՊՆ ղեկավարը՝ Պապիկյանին

Աննա Կոստանյան 7.03.2024 - 14:41
7.03.2024 - 14:41 դիտում

Բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկն է, Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։ Այս մասին Թեհրանում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանն ասել է ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին, փոխանցում է Mehr գործակալությունը:

«Իրանի Իսլամական Հանրապետության վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը, իրենց ամբողջ տարածքի վրա ինքնիշխանության իրավունքին և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը», – ասել է Աշթիանին:

Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը և կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։

Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, և այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում միանգամայն անընդունելի է։

Սուրեն Պապիկյանն իր հերթին ասել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ երկու երկրներն էլ նույն վերաբերմունքն ունեն տարածաշրջանում կայունության հարցում»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ