Կոռուպցիայի ընկալման 2021 թ. համաթվում Հայաստանը համարվել է հաջողության օրինակ

Աննա Կոստանյան 25.01.2022 - 12:09
25.01.2022 - 12:09 դիտում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման 2021 թ. համաթիվը»: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհում կոռուպցիայի մակարդակը վերջին տարիների ընթացքում չի փոխվել:

Փաստաթղթում ներկայացված են աշխարհի 180 երկրի և տարածքների տվյալներ՝ պետական հատվածում կոռուպցիայի ենթադրյալ մակարդակով։ Երկրները գնահատվել են 0-100 միավոր սանդղակով, որում որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կոռուպցիայի մակարդակը:

Այս տարի համաշխարհային միջին ցուցանիշը տասներորդ տարին անընդմեջ մնացել է անփոփոխ և կազմել 100 հնարավորից ընդամենը 43 միավոր: Նշվում է, որ չնայած բազմաթիվ պարտավորություններին՝ 131 երկիր վերջին տասնամյակում զգալի առաջընթաց չի գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում։ Երկրների երկու երրորդը ստացել է 50-ից ցածր միավոր, իսկ 27 երկիր ստացել է պատմության մեջ ամենացածր միավորը:

Նշվում է, որ Հայաստանը վերջին հինգ տարիների առումով կոռուպցիայի ընկալման համաթվում «հաջողության օրինակ է»: 2017 թ. սկսած՝ Հայաստանն իր դիրքերը բարելավել է 14 կետով՝ ընդհանուր թիվը հասցնելով 49 միավորի:

«2018 թ. զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում դուրս մղվեց երկրում արմատացած քաղաքական էլիտան՝ փոխարինվելով բարեփոխումների նպատակ ունեցող կառավարությամբ: Այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանն ընդլայնել է քաղաքացիական ազատությունները, ճանապարհ հարթել դեպի ավելի կայուն քաղաքացիական մասնակցություն և հաշվետվողականություն»,- ասված է զեկույցում:

Նշվում է, որ չնայած այդ առաջընթացին՝ բարեփոխումների ծրագիրը կանգ է առել նախորդ տարի, և կառավարությունը պետք է կրկին ստանձնի այդ հանձնառությունը:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը ստացել է 55 միավոր, Թուրքիան՝ 38, Ադրբեջանը՝ 30, Ռուսաստանը՝ 29, իսկ Իրանը՝ 25 միավոր:

Աշխարհում լավագույն ցուցանիշն արձանագրել են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան՝ 88-ական միավորով: Վատագույն ցուցանիշներն արձանագրել են Եմենը, Վենեսուելան, Սոմալին, Սիրիան և Հարավային Սուդանը՝ 16-11 միավորի միջակայքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ