Կիևը և նրա միջազգային գործընկերները Ռուսաստանի՝ ժամանակավոր հրադադարի նախաձեռնությունը համարում են կեղծ

Աննա Կոստանյան 6.01.2023 - 14:21
6.01.2023 - 14:21 դիտում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը լուրջ չի ընդունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը հատուկ ռազմական գործողության գոտում Սուրբ Ծննդյան հրադադարի մասին։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին ևս նման դիրքորոշում էր հայտնել՝ նշելով, որ Ռուսաստանը լռության պատրվակով փորձում է թաքցնել «ագրեսիայի» նոր քայլերը և ամրապնդել իր դիրքերը շփման գծում։

Եվրամիությունը նույնպես չի վստահում Սուրբ Ծննդյան տոներին հատուկ գործողության գոտում Ռուսաստանի հայտարարած միակողմանի ժամանակավոր հրադադարին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կցանկանար տեսնել Ռուսաստանի կոնկրետ գործողությունները, այդ թվում՝ զորքերի և տեխնիկայի դուրսբերումն Ուկրաինայից։

«Մոսկվայի առաջարկն այս պահին նման է փորձի՝ «ժամանակ շահել մատակարարումները համալրելու, զորքերը վերախմբավորելու կամ խարխլված միջազգային հեղինակությունը վերականգնելու համար»,- ասել է Ստանոն։

Հրադադարի վերաբերյալ Մոսկվայի առաջարկի կապակցությամբ անվստահություն է հայտնել նաև ԱՄՆ-ը: «Վաշինգտոնը չի վստահում Ռուսաստանի հայտարարած Սուրբ Ծննդյան հրադադարին հատուկ ռազմական գործողության գոտում»,- այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Նրա խոսքով՝ Մոսկվան «ոչ մի հիմք չի տվել հավատալու այն ամենին, ինչ առաջարկում է»։

Ըստ Փրայսի՝ Վաշինգտոնը նույնպես մտավախություն ունի, որ Ռուսաստանը ռազմական գործողություններում «ցանկացած դադար» կօգտագործի՝ իր զորքերի վերախմբավորման ու հանգստի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ