ԿԳՄՍ նախարարը պատասխանել է Մարտուն Գրիգորյանի գրությանը

Աննա Կոստանյան 27.12.2022 - 14:05
27.12.2022 - 14:05 դիտում

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարին գրություն էի ուղարկել` նախարարի կողմից տարածված շրջաբերականի` մեր ժամանակներում անընդունելի բովանդակության առնչությամբ` ըստ որի, նախարարը հորդորում էր դպրոցներն ու դպրոցականներին հեռու պահել ռազմական վերապատրաստում իրականացնող խմբակներից։
Ստացել եմ գրության պատասխանը։
Մի դիտարկում անեմ։
Մեջբերում գրությունից.
«ԿԳՄՍՆ ենթակա դպրոցներին ուղարկված գրությունը որևէ առնչություն չունի ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացման հետ և վերաբերում է կրթական հաստատությունները թիրախավորումից զերծ պահելուն»։ (Մեջբերման ավարտ):
Մեղմ ասած, ինձ համար անհասկանալի է տիկին նախարարի «մտահոգությունն» ու «անհանգստությունը» իր կողմից ներկայացված փաստարկի առնչությամբ, քանի որ շատ լավ գիտենք ու ճանաչում ենք մեր թշնամու անմարդկային և անբարոյական ձեռագիրը, որը ևս մեկ անգամ, ցավոք, ապացուցվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ռազմական գործողությունների ժամանակ թշնամին չխնայեց և չի խնայելու ո’չ խաղաղ բնակչությանը, ո’չ դպրոցները, ո’չ մանկապարտեզները, ո’չ հիվանդանոցներն ու ծննդատները, ցավոք, ունենք պատմության դառը փորձեր։
Այս համատեքստում խիստ անհասկանալի է ներկայացված մեկնաբանությունը։
Իսկ եթե մենք ոչ պատերազմական պայմաններում անհանգստանում ենք դպրոցներում գործող խմբակների թշնամու կողմից թիրախավորումից, ապա սա լրջագույն մարտահրավեր է երկրի և երկրի անվտանգության համար։
ՀԳ. Մեկնաբանության դաշտում տեսեք շրջաբերականը, իմ գրությունը նախարարին, նախարարի պատասխանը և «Ժողովուրդ» օրաթերթի` անդրադարձի հղումը»,- գրել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ