ԿԳՄՍ նախարարը մասնակցել է Արագածոտնի մարզում 2 նախակրթարանների բացմանը

Գոհար Ստեփանյան 13.09.2020 - 15:39
13.09.2020 - 15:39 դիտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան սեպտեմբերի 13-ին՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանում այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան

«Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվի աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։ «Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:

Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան, մեծ ոգևորությամբ ԿԳՄՍ նախարարին ցույց է տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարզային այցերը շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ