ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան

15.09.2026 - 17:55 դիտում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել Հայաստան մատակարարվող բնական գազի գինը։

Այս մասին սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ նրա, ԿԲն խորհուրդը քննարկումների ընթացքում չի անտեսում գազի գնի փոփոխության հնարավորությունը։ Դա կարող է երկակի էֆեկտ ունենալ։

«Նախ, կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը։ Եվ երկրորդային էֆեկտ, որովհետև գազի գինը կարող է ներառված լինել նաև այլ ապրանքների, արտադրանքի արժեքում և այլն, ու, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի, այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից դա X տիպի սցենար է, որն ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում և որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին, ոչ բնականոն։ Այս պահի դրությամբ շարժվում ենք մեր բնականոն ընթացքով՝ մտքում ունենալով այդ հնարավոր խնդիրների առկայությունը»,- ասել է նա։

ՀՀ ԿԲ խորհուրդը Հայաստանի համար Բ տիպի ռիսկային սցենար է համարում համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցման հեռանկարը, դեպի ՌԴ արտահանման սահմանափակումների հետևանքով գնանկումային ռիսկերի ձևավորումը և ՀՀ ռիսկի հավելավճարի հիմնարար նվազումը, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի սահմանում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ