Կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում. ՀՀ ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 27.10.2021 - 14:09
27.10.2021 - 14:09 դիտում

Քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու՝ բացվելու է Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը: Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ դրանով նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ: Այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և պատրաստակամություն հայտնել խորացնելու Վատիկանի և Հայաստանի միջև հարաբերությունները:

«Անդրադարձել ենք ՀՀ նախագահի՝ օրեր առաջ Սուրբ Աթոռ կատարած այցին, կարևորել ենք նաև հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը, Հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրումը, որը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հոգևոր կապը: Սուրբ Աթոռը մշտապես Հայաստանի կողքին է եղել դժվարին ժամանակներում, և անցյալ տարին այս առումով ևս բացառություն չէր: Մեզ համար հատկանշական և կարևոր է Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- ընդգծեց ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում Սրբազան Քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների ազատ արձակմանն ուղղված կոչերը մեծ նշանակություն են ունեցել:

«Այժմ էլ Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերին և քաղաքացիական անձանց, և մենք խնդրում ենք, որպեսզի Սրբազան Քահանայապետն իր աղոթքներում և իր հրապարակային ուղերձներում մշտապես շարունակի հիշել հայ ռազմագերին և շեշտադրի նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առջև:

«Ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ դեպքերը կանխելու ուղղությամբ:

«Ցանկանում եմ նաև շեշտել, որ հայ ժողովուրդը շնորհակալ է Հռոմի Սրբազան Քահանայապետին Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար: Մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը շատ կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու առումով»,- եզրափակեց խոսքը Արարատ Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ