Կարևոր է շարունակել պայմանավորվածությունների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով

Աննա Կոստանյան 28.03.2022 - 14:49
28.03.2022 - 14:49 դիտում

Լեռնային Ղարաբաղում այժմ կարևոր է ապահովել, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել պայմանավորվածությունների իրականացումը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով:

Իսկ տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին խաղաղապահների հավելյալ զորակազմի ուղարկման հնարավորության հարցը պետք է տալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, հավելել է Պեսկովը։

«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Այժմ գլխավորն այն է, որ բոլոր կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունների պայմանները»,- երկուշաբթի լրագրողներին ասել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ բանակցություններից հետո Ադրբեջանը դուրս է բերել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի տարածքից: Դրան հաջորդել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հայտարարությունը, որում նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ցավում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 27-ի հայտարարության մեջ արտացոլված կետերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ադրբեջանական բանակի զորքերը մեր երկրի ինքնիշխան տարածքի մաս կազմող Փառուխ գյուղում և նրան հարող լեռնային շրջաններում չեն փոխվել։ Այդ դիրքերից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեր բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր հրադադարը խախտվել է Ադրբեջանի կողմից, նույնպես չի համապատասխանում իրականությանը, իսկ տուժած զինծառայողների մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հայտարարությունում:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:

Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում:

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ