Կարևոր եմ համարում այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը. Ժաննա Անդրեասյան

Աննա Կոստանյան 9.02.2022 - 13:25
9.02.2022 - 13:25 դիտում

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կանգ առավ հիմնական բովանդակային հստակեցումների վրա:

«Կարևոր եմ համարում այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանման ներառումը նախագիծ, որ բացակայում էր գործող օրենքում: Կարևորում եմ նաև ուսումնական պլանի անհատական բաղադրիչի սահմանման հստակեցումը, որով շեշտել ենք սովորողի ընտրության կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անհատական բաղադրիչով նախատեսված նախագծային հետազոտական աշխատանքներն ու խմբակները դպրոցը կարող է իրականացնել այլ կառույցների հետ համագործակցությամբ»,- ասաց Անդրեասյանը:

Սա նշանակում է, որ սպորտի կամ արվեստի դասերը կարող են անցկացվել մարզադպրոցների, գեղարվեստի դպրոցների հետ համագործակցությամբ՝ ապահովելով սովորելու միասնական միջավայր:

Անդրեասյանը կարևոր համարեց նաև օրենքի նախագծում հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժում ստացող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման համար առավել բարենպաստ պայմանների սահմանումը:

«Տարբեր երկրներում առկա են արդյունավետ աշխատանքի մոդելներ երեխաների կրթության կազմակերպման մասով: Տարբեր հետազոտություններով ապացուցված է, թե ինչ բարերար ազդեցություն է թողնում կրթությունը բուժման գործընթացի վրա՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը»,- ասաց փոխնախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ