Կարող ենք և պետք է միասին աշխատենք. ԱԺ նախագահն առաջարկեց փակել տեղի ունեցած միջադեպի թեման

Աննա Կոստանյան 11.08.2021 - 17:06
11.08.2021 - 17:06 դիտում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկում է փակել Ազգային ժողովի դահլիճում օգոստոսի 11-ին տեղի ունեցած վիճաբանության թեման և զրոյացնել այն ամենը, ինչ եղել է օրվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանը նման առաջարկով հանդես եկավ Ազգային Ժողովի ամբիոնից ունեցած ելույթի ընթացքում:

«Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը, ինչ այսօր եղել է: Հարգելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ: Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ, որևիցե ձևով թող դա չկաղապարի ձեր գործունեությունը, որը դուք նախաձեռնել եք կամ նախաձեռնում եք: Լսելով վերջի երկու-երեք ելույթները, համարում ենք, որ մենք կարող ենք և պետք է միասին աշխատենք»,- ընդգծեց Սիմոնյանը:

 

Ազգային ժողովի նիստի ընթացքում օգոստոսի 11-ին իրավիճակը լարվեց, անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ՝ կարգուկանոն հաստատելու համար: Խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո: Ազգային ժողովի ամբիոնից պետք է ելույթ ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն ընդդիմադիր գործիչները սկսեցին տեղից բղավել: ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանին և Արմեն Ռուստամյանին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը շարունակեց տեղից խոսել, ինչից հետո իշխանական պատգամավորները նույնպես սկսեցին տեղից բղավել:Ալեն Սիմոնյանը հորդորեց իշխանական պատգամավորներին տեղերից վեր չկենալ: Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը:Որոշ ժամանակ անց ԱԺ նիստը վերսկսվեց:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ