Կառավարությունը 974 մլն 720 հազար դրամ հատկացրեց կրթական ու մշակութային հաստատությունների կապիտալ ծրագրերի իրականացմանը

Աննա Կոստանյան 22.12.2022 - 12:03
22.12.2022 - 12:03 դիտում

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում և 974 մլն 720 հազար դրամ հատկացրեց մի շարք կրթական ու մշակութային հաստատությունների կապիտալ ծրագրերի իրականացմանը:

Նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ծախսերը կարելի է դասակարգել 3 խմբի:

«Մի խումբ հաստատություններում նախատեսում ենք իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում հետագա անհրաժեշտ աշխատանքներն անելու համար, և այստեղ ունենք երկու դպրոց, մեկ մշակութային հաստատություն և մեկ շատ կարևոր ծրագիր, որն ուղղված է դպրոցականների գիտական հետաքրքրվածության մեծացմանը և այդ նպատակով գիտական միջավայրի և թանգարանի ձևավորմանը, և այս փուլով առաջարկում ենք նախագծանախահաշվային փաստաղթերի մշակում իրականացնել:

Շինարարական աշխատանքները ծախսերի 2-րդ բլոկն են և վերաբերում են 4 մշակութային հաստատություններում անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը, որոնք էապես կփոխեն այդ մշակութային հաստատությունների պայմաններն ու միջավայրը և թույլ կտան նաև, որ դրանք աշխատեն շատ ավելի արդյունավետ և կարողանան ընդունել մեծ թվով այցելուների:

3-րդ բլոկը վերաբերում է 6 կրթական հաստատությունների և 3 մշակութային հաստատությունների գույքով ապահովման ծրագրերին: Այստեղ կրթական հաստատություններն այն հաստատություններն են, որտեղ արդեն արվել են անհրաժեշտ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները, և ներկայումս գույքով ապահովումը թույլ կտա ամբողջացնել արված աշխատանքները»,- ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ