Մի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվել

21.08.2026 - 15:51 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի հունիսի 13-ին երեք անչափահասներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, եկեղեցու հարակից տարածքում հանդիպել են անչափահաս տուժողին, որտեղ փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, քաշքշել մազերից, հնչեցրել հայհոյանքներ և այդ ամենը տեսանկարահանել բջջային հեռախոսով և տեղադրել համացանցում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախաքննության ընթացքում երեք անչափահասի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ֆիզիկական բռնություն գործադրում, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մեկ այլ աղջկա նկատմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ