Կառավարությունը 62 սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 9 մարզպետարանի հատկացրեց 1 մլրդ 608 մլն դրամ

Աննա Կոստանյան 3.02.2022 - 13:15
3.02.2022 - 13:15 դիտում

Կառավարությունը 2022 թվականի բյուջեից 9 մարզպետարանի հատկացրեց 1 մլրդ 608 մլն դրամ՝ 62 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Ինչպես Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախագծով առաջարկվում է 46 համայնքի 62 ծրագիր ֆինանսավորել:

«Մենք այս գումարի հատկացմամբ կկատարենք շինարարական կազմակերպությունների նկատմամբ մեր ֆինանսական պարտավորությունները և հնարավորություն կտանք ծրագրերը շարունակել կամ հաստատել»,- ասաց Սանոսյանը:

«Կառավարությունը 2018 թվականից սկսած արդեն մոտ 300 մլն դոլարի չափով հատկացումներ է արել ՏԻՄ-երին, ընդ որում՝ Կառավարությունը, և դա ապացուցելի փաստ է, երբեք չի առաջնորդվել, թե որ համայնքում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է համայնքի ղեկավար: Մենք ստեղծել ենք մի մեխանիզմ, որ ՏԻՄ-երին հնարավորություն չտանք ասելու, որ փող չկա, որովհետև մենք համաֆինանսավորում ենք. սուբվենցիան ուղղակի ինչ-որ բան կառուցելու համար փող հատկացնել չէ, դա Կառավարության քաղաքականությունն է: Մենք վերանորոգումների տրամաբանությունից զարգացման տրամաբանություն ենք ներդրել ամբողջ հանրապետությունում՝ Երևանից սկսած, հանրապետության ամենահեռավոր համայնքով ավարտած»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ, ըստ էության, համայնքներում տեղի ունեցած որևէ նկատելի, էական փոփոխություն չկա, որ Կառավարության քաղաքականությամբ չի արվել:

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզին ուղղվող միջոցներին, ապա Փաշինյանը հիշեցրեց, որ Սյունիքի հարցերով աշխատանքային խմբին 2021 թվականին մոտ 1 մլրդ դրամի չափով հատկացում է արվել:

«Նաև այդ խողովակով են այնտեղ ներդրումներ արվել, և պիտի ընդգծեմ, որ հիմա ճանապարհաշինության ոլորտում շատ մասշտաբային ծրագրեր են իրականացվում, և հույս ունենք՝ Հյուսիս-հարավն էլ ժամանակին, ոնց պայմանավորվել ենք, այդպես էլ կիրականացնենք»,- ասաց նա:

«Նախորդ տարի 1.1 մլրդ դրամ ենք Սյունիքին հատկացրել, այս տարի շրջանառում ենք ևս 500 մլն հատկացնելու նախագիծը»,- նշեց Սանոսյանը:

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավին, ապա, նախարարի խոսքով, երեկ ստացել են առաջին արձագանքները, և արդեն հնարավոր է նախաորակավորման մրցույթ հայտարարել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ