Կառավարությունը նոր վարժական հավաքներ անցկացնելու մասին որոշում կընդունի․ հայտնի են օրերը, քաղաքացիների ներգրավման թիվն ու կազմը

3.02.2024 - 16:57 դիտում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 15-ից հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:

Հավելենք, որ մեկ նախագծով էլ նախատեսված է վարժական հավաքներ անցկացնել ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը։

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկա­ցումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագի­տու­թյուն ունեցող պահես­տազորայիններ: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174–Ն որոշման համաձայն:

Նախագծի համաձայն որոշում կընդունվի․

«1․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը:

2․ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

3․ Վարժական հավաքներին ներգրավել մինչև 435 քաղաքացու, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4․ Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 140 պահեստազորային, որոնցից` 40 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 100 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 20-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ.

2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով մինչև 54 պահեստազորային, որոնցից` 44 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 19-ը ներառյալ, 10 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 26-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ.

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 17 պահեստա­զո­րային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ.

4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ.

5) հետախուզական մասնագիտություններով մինչև 49 պահեստազորային, որոնցից` 14 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 17 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 2-ից մայիսի 26-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 3-ից մայիսի 27-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2024 թվականի հունիսի 3-ից հունիսի 27-ը ներառյալ.

6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 40 պահեստա­զորային` 2024 թվականի մայիսի 7-ից մայիսի 31-ը ներառյալ.

7) ինժեներական մասնագիտություններով մինչև 64 պահեստա­զո­րային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ,

8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային, որոնցից` 32 պահեստազորային` 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 9-ը ներառյալ, 7 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 13-ից մինչև հունիսի 6-ը ներառյալ,

9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2024 թվականի մայիսի 6-ից մայիսի 30-ը ներառյալ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ