Կառավարությունը հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծին

Աստղիկ Խաչատրյան 25.11.2021 - 12:07
25.11.2021 - 12:07 դիտում

Փոփոխությունները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովել և զարգացնել ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործել ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։

«Մեզ համար կարևոր և սկզբունքային բարեփոխումները մենք շարունակում ենք, այս օրենքի ընդունումով, կարծում եմ, որ մենք շատ մեծ և տեսանելի փոփոխություններ կունենանք հանրակրթության ոլորտում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ ոլորտում այս ընթացքում կարևոր փոփոխություններ են կատարվել: «Հանրակրթության չափորոշիչն ենք ընդունել, որը հիմա փորձարկվում է Տավուշի մարզում, նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն ենք իրականացրել, և ահա հերթական փուլն է, որը մենք հույս ունենք և համոզված ենք, որ բերելու է նոր և տեսանելի արդյունքների հանրակրթության ոլորտում»,- ասաց վարչապետը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության ծրագրով: «Առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին՝ նպատակադրելով առավել ճկուն և արդիական մոտեցումներ ներդնել մի շարք գործընթացներում, ինչպես նաև կիրառել նոր գործիքակազմեր»,- ասաց նա:

Մասնավորապես անդրադառնալով համակարգում ուսուցչի մասնագիտական չափորոշիչների ներդրմանը՝ նա նշեց, որ դա հնարավորություն կտա գործարկելու ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը, այն դարձնել չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցել վարձատրության համակարգին տարակարգերի շնորհման միջոցով: «Նաև կհստակեցվի ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը՝ հրաժարվելով միատեսակ և միաչափ վերապատրաստումներից և անցում կատարելով մասնագիտական չափորոշչից բխող վերապատրաստումներին: Հնարավորություն կստեղծվի իրականացնել ատեստավորման տարբեր ընթացակարգեր, այդ թվում՝ կամավոր ատեստավորումը»,- ասաց Դումանյանը:

Նա ընդգծեց, որ դպրոցները մանկավարժական ինքնավարության հնարավորություն կստանան:

Նախարարը վստահեցրեց, որ լրամշակման արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ իրականացնել հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացը՝ ապահովելով երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն: «Փոփոխության արդյունքում կգնահատվի երեխայի այս կամ այն հանգամանքով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը: Փոփոխություններն ու լրացումները հստակեցնում են այս քաղաքականությունը:

Հանրակրթության կառավարման ոլորտում առաջարկվող փոփոխությունը թույլ կտա մի կողմից նվազեցնել վարչարարությունը և մեծացնել համակարգի ճկունությունը, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի նվազեցնել այն ռիսկերը, որոնք ներկայումս առկա են տարբեր ուսումնական հաստատություններում»,- նշեց Դումանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ