Կառավարության օրակարգում համար առաջին հարցը սպասվող գնաճի դեմն առնելն է․ Վահագն Խաչատուրյան

Աննա Կոստանյան 10.03.2022 - 15:23
10.03.2022 - 15:23 դիտում

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական լրջագույն մարտահրավերներ են ի հայտ եկել, և այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մենք մեր հնարավորությունները գնահատում ենք, իսկապես հացահատիկի արտադրության մեր ներքին ռեսուրսները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը կլրացվի»,- ասաց նա։

Միաժամանակ, Խաչատուրյանը նշեց, որ դժվարություններ են սպասվում, քանի որ սպասվող հացահատիկի բերքը, որը պետք է լիներ Ուկրաինայից, չի լինելու։

«Որոշակի խոչընդոտներ կարող են լինել Ռուսաստանի հետ մեր առևտրական հարաբերությունների առումով, որովհետև առանձին ապրանքատեսակներ մենք բերում ենք Ռուսաստանից։ Բացի ավանդական ապրանքներից՝ հացահատիկ, ձեթ և այլն, այնտեղ կան այլ ապրանքատեսակներ, որոնք Հայաստանում ներկայացված մեր ընկերություններն են ներմուծում, բայց իրենց հիմնական գրասենյակները ներկայացված են Ռուսաստանում, հիմա այնտեղ չեն աշխատում։ Այսինքն՝ հիմա իրավիճակն այնպես է խճճվել, որ կառավարությունում փորձում ենք այդ կծիկը բացել և հասկանալ, թե ինչ ունենք անելու։ Այդ աշխատանքը կատարվում է»,- նշեց Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ Կառավարության համար առաջին հարցը օրակարգում սպասվող գնաճի դեմն առնելն է, քայլերից մեկն ապրանքային պաշարներ ունենալն է։

«Բայց համաշխարհային շուկայում ցորենի գինը 50 դոլարով միանգամից աճեց, հիմա չգիտենք, թե ոնց կլինեն նավթի գները, որովհետև ամեն ինչը փոխկապակցված է նավթի գնի հետ։ Վատատեսական այդ սցենարը, որը կա, պետք է ունենանք, բայց հասարակության և գործարարների շրջանակներում մեր տրամադրությունները պետք է ոչ թե այդ վատատեսական սցենարի շրջանակներում իրականացնել, այլ ավելի մեղմ, այն սցենարներում, որտեղ մարդիկ համոզված պետք է լինեն, որ պետության կողմից ամեն ինչ արվում է բիզնես շրջանակներին աջակցելու համար։ Նաև սոցիալապես անապահով քաղաքացիներին աջակցելու ծրագրերը պետք է շարունակվեն։ Այս ամենը կարող է բերել նաև նրան, որ պետբյուջեի եկամուտների նվազում տեղի կունենա»,- եզրափակեց Խաչատուրյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ