Կառավարության որոշմամբ՝ պետական բյուջեից 2 մլրդ 365 մլն դրամ հատկացվեց կորոնավիրուսի վերահսկման ու բուժման նպատակով

7.10.2021 - 11:51 դիտում

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ առողջապահության նախարարությանը 2021 թ. պետական բյուջեից հատկացվեց 2 մլրդ 365 մլն դրամ՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով:

«Կառավարությունը քաղաքացիների հանդեպ ստանձնելով իր պարտավորությունները՝ ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը: Մենք ուրախ կլինեինք, եթե այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե մենք պատվաստման գործընթացը բավարար չափով իրականացնենք, պետք է նման գումարներ ծախսելու կարիք չունենանք»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Կառավարության որոշման նախագիծը:

Ավանեսյանի խոսքով՝ արդեն 20 բժշկական կազմակերպություն ընդգրկվել է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման գործընթացում: «Ընդհանուր առմամբ, 2226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա ակտիվ 14000-ից ավելի դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, որ հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքը և առողջապահական համակարգի վրա հոսպիտալացման բեռ չի գոյանում»,- ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ