Կաշառքի դիմաց ձևական քննություններով վարորդական վկայականներ տրամադրելու համար ՃՈ ավագ տեսուչը դատապարտվել է ազատազրկման

Աննա Կոստանյան 5.05.2022 - 13:45
5.05.2022 - 13:45 դիտում

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 31-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչը իրեն տրված լիազորությունների շրջանակում 3 անձանց օգտին առերևույթ ակնհայտ ապօրինի գործողություն է կատարել:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնիչ հայտնում են, որ մասնավորապես, պարզվել է, որ նա օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ստուգելու վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները, 2020թ.-ի մարտ ամսվա ընթացքում ձեւական բնույթ կրող տեսական եւ գործնական քննություններ է ընդունել և վարորդական վկայականներ է տրամադրել 2 անձի: Վերջիններիս օգտին առերևույթ ակնհայտ այդ ապօրինի գործողությունը կատարելու դիմաց միջնորդավորված ձեւով, այդ թվում նաև՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Գեղարքունիքի մարզի Սևանի անձնագրային բաժանմունքների պետի միջնորդությամբ, ստացել է տարբեր չափերի՝ 102.000 և 200.000 ՀՀ դրամ կաշառք:

Հիմնավորվել է նաև, որ կաշառք տալու միջոցով վարորդական վկայական ստանալու հարցում աջակցելու համար մի քաղաքացի 2020թ. մարտին դիմել է իր ազգական, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ Գավառի ավտոդպրոցի վարպետին, ով այդ նպատակով նրանից վերցրել է 250.000 ՀՀ դրամ: Այնուհետև՝ վերջինս հանդիպել է ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի վերոնշյալ ավագ տեսուչին, նրա հետ պայմանավորվել խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու վերաբերյալ և նրան փոխանցել գոմարը:

Կաշառք ստանալու փաստը քողարկելու, սահմանված կարգի պահպանմամբ անձին վարորդական վկայական տրամադրելու պատրանք ստեղծելու նպատակով ավագ տեսուչը կազմել է տեսական քննության կեղծ արձանագրություն այն մասին, թե իբր, տվյալ անձից ընդունել է տեսական քննություն, վերջինիս ճիշտ է պատասխանել 9 հարցի և տեսական քննությունը գնահատել է դրական:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչին մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Սևանի անձնագրային բաժանմունքի պետին նշված գործով ևս առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Գավառի ավտոդպրոցի վարպետին մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում 2022թ ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով նշված 4 անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքներում: Մասնավորապես, ՃՈ Սևանի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչի պարագայում, պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։

Իսկ մյուս 3 ամբաստանյալների նկատմամբ, կրկին պատիժները մասնակի գումարելու սկզբունքով վերջնական պատիժ է նշանակվել տուգանքի ձևով:

Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ միջոցներ կձեռնարկվեն օրենքի խախտմամբ տրամադրված վարորդական իրավունքի վկայականները և տեսական քննության արդյունքները անվավեր ճանաչելու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ