Կալանավորվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը

1.02.2024 - 19:16 դիտում

Կոռուպցիոն չարաշահումների գործով այսօր 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է, 1 ամսով էլ կալանավորվել է ընկերության մեկ այլ աշխատակից: Այդ մասին «Լուրեր»-ին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս աղմկահարույց գործով կալանավորվել է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ըստ փաստական տվյալների՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներ, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Մյուս քրեական վարույթով պարզվել է, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ մտերիմ հարաբերություններ ունենալով և իմանալով նրա ծանոթներին, 2022-23 թվականներին ծրագրի պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, զեկուցագրեր է ներկայացրել, որ նրանց կատարած աշխատանքը համապատասխանում է չափորորշիչներին։ Ըստ գործի նյութերի՝ այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ