Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատվիրակությանը

12.11.2022 - 17:24 դիտում

Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռը Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ռուսական բարեկամությունն ու փոխհարաբերություններն ունեն բազմադարյա հարուստ պատմություն։

Նորին Սրբությունն անհրաժեշտ նկատեց պետական այրերի, հասարակական և մշակութային գործիչների նման փոխադարձ այցերը ՝ ի նպաստ երկու երկրների գործակցության և ժողովուրդների եղբայրության ամրապնդման։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց ՌԴ Պետդումայի պատվիրակության ժամանումը Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում` անդրադառնալով մասնավորաբար 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և հետպատերազմյան մարտահրավերներին։

Այս կապակցությամբ Հայոց Հայրապետը երախտագիտությամբ արձանագրեց բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից ներդրվող ջանքերը ի խնդիր հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այդ ջանքերը կնպաստեն Արցախի մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովվմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրս բերմանը, Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մամինների վերադարձին։

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց նաև երկու Եկեղեցիների միջև առկա ջերմ ու եղբայրական հարաբերություններին և գործակցությանը։ Պարոն Կազբեկ Տայսաևն իր հերթին անդրադարձավ այցի արդյունքներին` ընդգծելով, որ այցի ընթացքում կարևոր աշխատանքներ են տարվել երկու երկրների միջև առկա բարեկամական և դաշնակցային հարաբերությունները առավել զորացնելու ուղղությամբ։ Վերջինս հաստատեց, որ պատվիրակությունն իր կարելին պիտի անի` նպաստելու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված երկու ժողովուրդների խաղաղ ու բարօր կյանքի համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ