Կադիրովը հայտնել է Չեչնիայում արտերկրից եկած զինյալների չեզոքացման մասին

Աննա Կոստանյան 13.10.2020 - 16:26
13.10.2020 - 16:26 դիտում

Rg.ru:Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ մայրաքաղաք Գրոզնիի շրջանում հրաձգություն կազմակերպած հանցագործներն արտերկրից են ժամանել:

«Իրավապահ մարմինները նախապես են տեղեկատվություն ստացել այն մասին, որ տարածաշրջան արտերկրից ժամանել են ապօրինի զինված խմբավորումների անդամներ, որոնց հայտնաբերման համար հատուկ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվել»,- նշել է հանրապետության ղեկավարը:

Հայտնի է, որ հանցագործների որոնողական աշխատանքներին օգնել են նաև տեղի բնակիչները՝ համապատասխան մարմիններին հայտնելով հարակից տներից մեկում կասկածելի մարդկանց գտնվելու մասին:

Կադիրովը հավելել է նաև, որ չեզոքացված զինյալների մոտ զենք, զինամթերք, կապի միջոցներ են հայտնաբերվել: Նշվում է, որ վերջիններս պատրաստվել են տարածաշրջանում ահաբեկչություններ իրականացնել:

Հայտնի է, որ առաջինը դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք էլ կռվի մեջ են մտել զինյալների հետ, ինչի հետևանքով նաև կորուստներ են կրել: Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ռուսական գվարդիայի զոհված մարտիկների ընտանիքներին «բազմակողմանի աջակցություն» է հատկացվելու:

«Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաքում և ամբողջ տարածաշրջանում այժմ իրավիճակը կայուն և հանգիստ է: Սահմանափակող միջոցներ չկան, շարժն ազատ է: Բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով: Անվտանգության ուժերն աշխատել են հնարավորինս արհեստավարժ, հմուտ և ծածուկ»,- հավելել է Կադիրովը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ