Նախաձեռնությունը մշակվել է՝ հաշվի առնելով աշխատանքային հարաբերություններում սոցիալապես պաշտպանված կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունը. ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագիծը:
Զեկուցողի խոսքով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է «ծնողական ժամ» հոդվածի սահմանմանը, որի դեպքում ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել:
«Կես ժամ կարող են բացակայել այն ծնողները, որոնք ունեն մինչև տասներկու տարեկան մեկ և երկու երեխա, 1 ժամ կարող են բացակայել այն ծնողներ, որոնք ունեն երեք և ավելի երեխաներ»,- տեղեկացրել է փոխնախարարը:
Նրա խոսքով հաշմանդամություն ունեցող մինչև 18 տարեկան երեխաների ծնողները՝ անկախ երեխայի կարգաթվից, կարող են մեկ ժամ բացակայել աշխատանքից և վճարվել իրենց միջին հիմնական աշխատավարձով:
Գլխադասային՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը: Նրա խոսքով «ծնողական ժամից» կարող են օգտվել երեխայի ե՛ւ հայրը, ե՛ւ մայրը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է օնլայն կազինոներում խաղալու սահմանափակումներ սահմանող նախաձեռնությունը, որի հեղինակն է պատգամավոր Հայկ Սարգսյանը: Առաջարկվում է արգելել խաղալ օնլայն կազինոներում բոլոր այն անձանց, որոնք աշխատում են պետական կառավարման համակարգում և աշխատավարձ են ստանում պետական կամ համայնքային բյուջեներից:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հեղինակի խոսքով ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթի նպատակն է պաշտպանել անձանց խաղային կախվածությունից և նվազեցնել այն սոցիալական աղետը, որն այսօր ստեղծված է օնլայն կազինոների հետևանքով:
Նախաձեռնությունները քննարկվել են Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստում:
