Ծանր վիճակում է գտնվում 650, ծայրահեղ ծանր՝ 126 քաղաքացի. Անահիտ Ավանեսյան

2.09.2021 - 11:26 դիտում

Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ի արդյունքը եղել է դրական: Ինչպես տեսնում ենք՝ հայտնաբերված դեպքերը հատում են մոտ 10 տոկոսի շեմը: Ցավոք սրտի, երեկ գրանցվել է 19 մահ: Մենք մի քանի անգամ ահազանգել ենք, որ «դելտա» շտամն աչքի է ընկնում վարակելիության ավելի մեծ աստիճանով, բացի դրանից՝ հիվանդության ընթացքն ավելի ծանր է: Նաև նկատում ենք հիվանդության երիտասարդացում. Կառավարության նիստին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը:

«Նախորդ շաբաթ ես ասել էի, որ ունենք կորոնավիրուսով վարակված 20-28 տարեկան երիտասարդներ, ցավոք նրանցից մեկը մահացել է: Այս պահին էլ ունենք 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ սա ահազանգ է, որ բոլորը հասկանան իրավիճակն ու հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում դրսևորեն կարգապահություն:

Ավանեսյանն անդրադարձավ նաև հիվանդանոցներում տիրող իրավիճակին: «Ունենք ծավալված մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են: Ծանր վիճակում է գտնվում 650, ծայրահեղ ծանր՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ