Խորհրդարանը քննարկել է ժառանգության ընդունման գործընթացը կարգավորող օրինագիծը

Աննա Կոստանյան 17.01.2022 - 15:50
17.01.2022 - 15:50 դիտում

Հունվարի 17-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի հեղինակած՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Լենա Նազարյանի ներկայացմամբ՝ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առաջացել է գործընկեր Տաթևիկ Գասպարյանի հետ հարյուրից ավելի զոհված զինծառայողների ընտանիքներ այցելությունների ժամանակ: Հանդիպումների ընթացքում պարզվել է, որ ժառանգության ընդունման հետ կապված խնդիրներ կան: Գործող օրենսդրությամբ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում:

Սակայն, ըստ Լենա Նազարյանի, այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում և վեց ամսվա ընթացքում մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելը դառնում է շատ դժվար, քանի որ ժառանգություն ստացողը բաց է թողնում վեց ամսում ժառանգություն ստանալու համար նոտարին դիմելու հնարավորությունը:

Այս խնդրին բախվել են 2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմում զոհված և տևական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները: Առաջարկվող փոփոխությամբ քաղաքացու ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում չհաստատվելու դեպքում ժառանգության բացման օրը կհամարվի ոչ թե մահվան օրը, այլ մահվան պետական գրանցման օրը:

Կարգավորումը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմում:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հարակից զեկուցող՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը, և կոչ արել կողմ քվեարկել:  Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նախաձեռնության կարևորությունն ու ընդունման հրատապությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ