Խորհրդարանական խմբակցությունների տեսակետներն ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ

Աննա Կոստանյան 2.12.2022 - 18:18
2.12.2022 - 18:18 դիտում

Դեկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տիգրան Աբրահամյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի շուրջ այսօր ձեւավորված իրավիճակին: Պատգամավորը մտահոգիչ է համարել վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական եւ ռազամական նախապատրաստությունները: «Ակնհայտորեն մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է, եւ այս իրավիճակում կարեւոր է հասկանալ` ի՞նչ է անում պետությունը»,- ընդգծել է բանախոսը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արմեն Ռուստամյանը: Խմբակցության քարտուղարը ողջունել է նիստի կայացումը, ինչը ցույց է տալիս, որ այն կարեւոր է եւ անհրաժեշտ: Պատգամավորի խոսքով ստեղծված իրավիճակում հայտարարությունը պետք է բավարարի երեք հիմնական պահանջի` համարժեք հակազդեցություն Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությանը, լինի ավելի արմատական, ամբողջական եւ լիարժեք, քան օտարերկրյա գործընկերների արձագանքն է, համապատասխանի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ժողովրդի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին եւ մոտեցումներին: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկներն առիթ են տալիս բացահայտելու իշխանությունների հետապնդած նպատակները եւ որդեգրած մոտեցումները` համազգային նշանակություն ունեցող կարեւորագույն հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

«Ձեր ներկայացրած հայտարարությունը պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնք կարող էին Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին որոշակի դրվագներում վնասել: Մենք` որպես իշխանություն, կրում ենք պատասխանատվություն` կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, Արցախի հայության անվտանգությունը»,- ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը` ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Մեզ համար առանցքային է արցախահայության իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք գտնել միջազգային այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ուղիղ երկխոսություն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի ե’ւ Արցախը, ե’ւ Հայաստանը զերծ պահենք որեւէ տեսակի ռազմական էսկալացիայից եւ սադրանքներից, եւ մեր բոլոր գործողությունները բխում են այս ելակետից»,- հավելել է Հայկ Կոնջորյանը` նկատելով, որ ընդդիմությունը հայտարարության նախագիծը ներկայացրել է ներքաղաքական դրդապատճառով:

Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հայտարարության քվեարկությանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանն անդրադարձել են գործընկերների տեսակետներին, տվել պարզաբանումներ:

Քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդունվել: Քվեարկությանը չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Կողմ է քվեարկել 31 պատգամավոր:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ