Խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների սերը վայելող Ազնավուրի հարյուրամյակը տոնել ՄԱԿ-ում. դեսպան Մարգարյան

Աստղիկ Խաչատրյան 23.05.2024 - 19:19
23.05.2024 - 19:19 դիտում

Մայիսի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՄԱԿ Գլխավոր ասամբելայի նախագահը, Գլխավոր քարտուղարի տեղակալներ, ՄԱԿ անդամ երկրների բազմաթիվ դեսպաններ ու ներկայացուցիչներ։
«Միջոցառման մեկնարկին ելույթ ունենալով ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանն անդրադարձավ Ազնավուրի հսկայական ժառանգությանը՝ երգարվեստին, հումանիտար գործունեությանը՝ շեշտելով, որ խորհրդանշական է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների սերը վայելող Ազնավուրի հարյուրամյակը տոնել ՄԱԿ-ում՝ կազմակերպություն, որը մարմնավորում է մեծ և փոքր պետությունների համաշխարհային հանրությունը։
Միջոցառմանը ներկայացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի՝ Ազնավուրի կյանքի և գործունեության դրվագները պատկերող եզակի լուսանկարների ցուցահանդեսը։
Երեկոյի ընթացքում ՄԱԿ-ի աշխատակիցներից կազմված բազմազգ երգչախումբը (UN Singers) հանդես եկավ Ազնավուրի սիրված երգերի կատարումներով։
Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում»,- ասված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ