Խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել ՃՈ տեսուչին

1.12.2021 - 17:56 դիտում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է.Ս.-ն չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և իր համագյուղացի Գ.Գ.-ի օժանդակությամբ ստացել 350 000 ՀՀ դրամ կաշառք` Երևանի բնակչուհի Լ.Բ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ տեսական քննությունը կազմակերպելու և դրական գնահատելու համար:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Գ.Գ.-ն Լ.Բ.-ի հետ հանդիպման ընթացքում վերջինիս վստահեցրել է, որ իր օժանդակությամբ ՃՈ տեսուչ Է.Ս.-ին 350.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անցկացվող տեսական քննությունը ձևական բնույթ կկրի, և հնարավոր խնդիրները կհարթեն ոստիկանության ծառայողները: Դրանից հետո՝ նոյեմբերի 27-ին, Լ.Բ.-ն Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը, որի ընթացքում չի կարողացել ճիշտ պատասխանել առաջադրված հարցերին: Տեսական քննությունն ընդունող տեսուչ Է.Ս.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ուղղորդել է Լ.Բ.-ին` նշելու ճիշտ պատասխանները, որի արդյունքում վերջինիս քննությունը դրական է գնահատվել:
Տեսական քննությունից հետո Գ.Գ.-ն ՃՈ տեսուչ Է.Ս.-ին փոխանցելու համար Լ.Բ.-ից ստացել է 350 000 ՀՀ դրամ կաշառքի գումարը և տեղում բռնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Է.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ