«Խաղաղության խաչմերուկի» կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Փաշինյան

Աննա Կոստանյան 15.04.2024 - 12:51
15.04.2024 - 12:51 դիտում

Անդրադարձել ենք Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին: Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ-ի՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Այդ մասին նախագահի նստավայրում Ղազախստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրանք են Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա: Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը նշեց. «Մեր համանման դիրքորոշումը պետությունների ինքնիշխանության և անկախության վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրությունը տարաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային կապուղիների դիվերսիֆիկացման հարցում պարարտ հող են ստեղծում վերոնշյալ ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման համար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ