Խաղաղապահ զորքի միջնորդությամբ Խծաբերդում դադարեցվել է կրակը. առաջիկայում քայլեր կձեռնարկվեն

Հրաչ Սահակյան 12.12.2020 - 23:58
12.12.2020 - 23:58 դիտում

Ստեփանակերտում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի կայազորի մոտ քիչ առաջ մի խումբ արցախցիներ հավաքվել էին հարցով, թե ինչպես է հակառակ պայմանավորվածության՝ խախտելով սահմանված հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը վերսկսել հարձակողական գործողությունները Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, նախաձեռնության կազմակերպիչներից Հայկ Խանումյանն ասել է, որ հանդիպել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի տեղակալի հետ, ով վստահեցրել է, որ այս պահին մարտեր չեն լինելու և պայմանավորվել են կողմերի հետ, որ մնում են իրենց տեղակայված վայրերում՝ մինչև վաղը որոշեն. բանակցությունների նպատակը նոյեմբերի 10-ի դրությամբ դիրքեր վերադառնալն է, մինչդեռ թշնամին փաստորեն մոտ 10 կմ առաջացել է Հին Թաղերի ուղղությամբ հասնելով մինչև Խծաբերդ գյուղը: Ըստ հրամանատարի տեղակալի՝ բանակցությունները ընթանում են ամենաբարձր քաղաքական մակարդակով՝ Բաքվում, Մոսկվայում և Երևանում: Հ. Խանումյանը հայտնել է, որ վաղը՝ ժամը 11:00-ին, կրկին պետք է հանդիպեն՝ տեղեկանալու գործընթացի մասին:

Ներկայումս Խծաբերդ գյուղի դիրքերում գտնվում են հայկական, իսկ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում՝ ադրբեջանական զորքերը: Հ. Խանումյանը նշել է, որ այս պահի դրությամբ հայկական կողմն ունի 6 վիրավոր, զոհեր չկան:
Ավելի վաղ առավոտյան ՊԲ-ն հայտնել էր 3 վիրավորի մասին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ