Լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 9-րդ տարին

Աննա Կոստանյան 12.01.2024 - 13:53
12.01.2024 - 13:53 դիտում

Այսօր՝ հունվարի 12-ին, լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 9-րդ տարին։
Գյումրու համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, համայնքապետարանի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Ավետիսյանների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Հիշեցնեք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել փոքրիկ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո նույնպես մահացել:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս.նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, 2015 թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Պերմյակովը նախ որպես ՌԴ ԶՈՒ ծառայող դատապարտվեց Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահանջներով: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։
Սպանության մասով գործը հանձնվել է հայկական կողմին և քննվել է առանձին, առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նիստի նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը, ապացուցված համարելով Վալերի Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանություն` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), ամբաստանյալին դատապարտեց ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015 թ. հունվարի 13-ից:
ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին: ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Դատավճիռը կայացվեց, սակայն սպանության գործի հետ կապված հարցականները մնում են մինչ օրս:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ