Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ. Զախարովա

Աննա Կոստանյան 6.03.2023 - 18:01
6.03.2023 - 18:01 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Արցախում Ադրբեջանի վերջին սադրանքին և դիվերսիոն խմբի հարձակմանը Արցախի ոստիկանության մեքենայի վրա:

«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ։ Վերջին մի քանի օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ են գրանցվել: Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում։

Թախանձագին կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել լարվածությունը լիցքաթափելու համար։ Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղորեն պահպանման անհրաժեշտությունը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ կողմերի միջև շփման միջոցով՝ խաղաղապահ զորակազմի հովանու ներքո:

Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման դրույթների իրականացման շրջանակներում բանակցություններին Բաքվի և Երևանի շուտափույթ վերադարձի հրամայականը»,- ասված է հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ