ԼՂ-ից տեղահանվածները կարող են ստանալ Եվրամիության ամբողջական աջակցությունը․ ԵՄ պաշտոնյա

Աննա Կոստանյան 6.10.2023 - 18:04
6.10.2023 - 18:04 դիտում

Եվրամիությունը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 19-ի ադրբեջանական զինուժի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ:

Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Նրա խոսքով՝ ԵՄ պատվիրակությունը եկել է ցուցադրելու Եվրամիության ամբողջական աջակցությունը Հայաստանին, հայ ժողովրդին, հատկապես Ղարաբաղից տեղահանվածներին:

«Այս դժվար իրադրության ժամանակ Ղարաբաղից տեղահանվածները կարող են ստանալ Եվրամիության ամբողջական աջակցությունը: Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վերջին գործողություններից հետո մենք շատ արագ կազմակերպեցինք ավելի քան 5 միլիոն եվրո մարդասիրական օգնություն, իսկ մի քանի օր հետո այն կրկնապատկեցինք: Այժմ այդ օգնությունը, որը նախատեսված է Ղարաբաղից տեղահանվածների համար, գնահատվում է 10 միլիոն եվրոյից ավելի»,- ասաց Լենարչիչը։

ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարը նաև հայտնեց, որ մի քանի ժամից Հայաստան կառաքվի մարդասիրական օգնության պարագաներ, որի նպատակն է աջակցել օգնության կարիք ունեցողներին:

«Պետք է ընդգծեմ Հայաստանի իշխանությունների բոլոր մակարդակների կողմից իրադրության շատ արագ ու արդյունավետ կառավարումը: Պետք է ողջունեմ նաև հասարակ մարդկանց աջակցելու պատրաստակամությունը»,- ասաց ԵՄ պաշտոնյան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ