Լիտվայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր կոմիսարի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աննա Կոստանյան 23.02.2022 - 18:30
23.02.2022 - 18:30 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 22-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցել էին նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

Պատվիրակությունը փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նրանք ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։

Լիտվայի ոստիկանության պատվիրակությունը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։

Նույն օրը Լիտվայի ոստիկանության պատվիրակությունն այցելել է ոստիկանության կրթահամալիր։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ լիտվացի գործընկերները շրջել են կրթահամալիրի տարածքում, ծանոթացել ոստիկանության ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի աշխատանքներին։

Ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը Լիտվայի ոստիկանության պատվիրակությանը ներկայացրել են փորձակայանների աշխատանքը։ Հյուրերը հետևել են նաև բանկի մասնաճյուղի վրա հարձակման և հանցագործների վնասազերծման ուսումնական դասընթացին։ Պատվիրակության անդամները հետևել են նաև պարեկային ծառայության ոստիկանների՝ մեքենայի կանգնեցման և զինված իրավախախտների վնասազերծման ուսումնական գործընթացին։

Հյուրերը եղել են նաև կրիմինալիստիկայի հատուկ լսարաններում, որտեղ ծանոթացել են մասնագիտական ուսուցման առանձնահատկություններին։ Իսկ ոստիկանության թանգարանում նրանց են ներկայացվել ոստիկանության մեկդարյա պատմության տարերգրությունն ու ոստիկանական արժեքավոր ցուցանմուշները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ