Իրավունք չունեն հանրությանն ահաբեկել նոր «կապիտուլյացիաներով». Նիկոլ Փաշինյան

29.10.2022 - 15:38 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին:

Վարչապետի խոսքով՝ այդ փաստաթուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա, և դրա շուրջ շարժումներ ու ասելիքներ կառուցեցին:

«Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Եվ այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020-ի նոյեմբերի 9-ին «կապտուլյացիա» ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ ես առաջիկայում պատրաստվում եմ «կապիտուլյացիա» ստորագրել: Սա պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 անգամ կապիտուլյացիա ստորագրի:

Այսինքն՝ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, ուրեմն վերջ՝ էլ կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն չկա: Եթե կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն կա, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ կարևոր է, որովհետև այդտեղ արձանագրված են մի շարք կարևոր հարցեր՝ ԼՂ գոյությունը, ԼՂ շփման գծի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխավորի, Լաչինի միջանցքի գոյությունը՝ որպես ԼՂ-ի և Հայաստանի միջև կապի միջոցի, ապաշրջափակման օրակարգը, ԼՂ-ի փախստականների իրավունքները:

Նա առաջարկեց արձանագրել հետևյալը. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա անվանելու համար: Դա պարզ գրագիտության հարց է, իսկ եթե ներողություն չեն խնդրում, ուրեմն իրավունք չունեն հանրությանն ահաբեկել ու ահազանգել նոր «կապիտուլյացիաներով», քանի որ պատմության մեջ կապիտուլյացիա՝ երկրի կամ առավել ևս իշխանության պատմության կյանքում, լինում է մեկ հատ: Այս հարցում մեր ընդդիմախոսները պետք է կողմնորոշվեն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ