Իրանը պատրաստ է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ՝ օգտվելով ընդհանուր պատմական սահմանից. Ռայիսի

Աննա Կոստանյան 21.09.2022 - 20:16
21.09.2022 - 20:16 դիտում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին առանձին ուղերձներով՝ ուղղված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, շնորհավորել է նրանց և հայ ժողովրդին՝ անկախության և Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ, հայտնում է ParsToday գործակալությունը։

Ուղերձներում Իրանի նախագահը երկու երկրների հարաբերությունների խորացման հույս է հայտնել, իսկ Աստծուց խնդրել է առողջություն և հաջողություն Հայաստանի ղեկավարների և երջանկություն ու բարեկեցություն Հայաստանի ժողովրդի համար։

«Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդները՝ ընդհանուր մշակույթով և պատմությամբ, միշտ միասին են անցել աճի և զարգացման ճանապարհը: Հուսով եմ, որ ապագայում, հենվելով հին կապերի վրա, օգտվելով ընդհանուր պատմական կապերից և բարիդրացիության մթնոլորտում, համապարփակ հարաբերությունները կընդլայնվեն և կամրապնդվեն՝ համահունչ երկու ժողովուրդների շահերին»,- ասված է ՀՀ նախագահին ուղղված ԻԻՀ նախագահի ուղերձում։

Փաշինյանին ուղղված ուղերձում ասվում է.

«Հարևանության քաղաքականության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ։ Եվ օգտվելով ընդհանուր պատմական սահմանից՝ պատրաստ է խորացնելու փոխադարձ շահերի վրա հիմնված համակողմանի հարաբերությունները։

Կրկին ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային մոտեցումը հարևան երկրների անկախության, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում՝ ցանկանում եմ ընդգծել կողմերին հետաքրքրող հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունների կարևորությունը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ