Իսրայելի արտգործնախարարը, ի պատասխան Էրդողանի հայտարարությունների, հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին

Աստղիկ Խաչատրյան 12.01.2024 - 19:51
12.01.2024 - 19:51 դիտում

Գազայի հատվածում ռազմական գործողության լույսի ներքո Իսրայելի դեմ Թուրքիայի կշտամբանքները հիմք չունեն, Անկարան պետք է հիշի հայերի և քրդերի ճակատագիրը։ Այդ մասին հայտարարել է հրեական պետության ԱԳ նախարար Իսրայել Կացը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած հերթական քննադատական հայտարարություններից հետո։

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով: Մենք հիշում ենք հայերին, քրդերին: Ձեր պատմությունը խոսում է իր մասին: Իսրայելը պաշտպանում է իրեն, ոչ թե ոչնչացնում՝ պայքարելով ձեր բարբարոս դաշնակիցների դեմ»,- գրել է Կացը X-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը  կդատապարտի Իսրայելին՝ Գազայի հատվածում իր գործողությունների համար, որոնք, ըստ թուրք առաջնորդի, բնորոշ են ռազմական հանցագործություններին:

Հաագայի միջազգային դատարան Իսրայելի դեմ հայց է ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ կապված Իսրայելի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման հետ:

Հայցում նշվում է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում կարելի է որակել որպես ցեղասպանություն, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին՝ որպես պաղեստինյան ավելի լայն ազգային, ռասայական և էթնիկ խմբի մաս, ոչնչացնելու որոշակի մտադրությամբ»:

Գործընթացի շրջանակում Հարավաֆրիկյան կողմը ձգտում է ստանալ դատարանի որոշումը, ըստ որի Իսրայելը խախտում է կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները և պետք է դադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ինչպես նաև հատուցումներ վճարի:

Իսրայելական կողմը հերքել է այդ մեղադրանքները՝ Հարավային Աֆրիկայի դիրքորոշումն անվանելով երկերեսանի, և խնդրել է լսումների ժամանակ դադարեցնել գործի քննությունը։ Կացը կարծիք է հայտնել, որ ՀԱՀ-ն ինքն է խախտում Ցեղասպանության մասին կոնվենցիան՝ աջակցելով պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը, որն Իսրայելում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, և որի դեմ Գազայում ռազմական գործողություն է իրականացվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ