Ինչու առաջադրվեց և ինչու չընտրվեց Հայկ Ֆարմանյանը․ պարզաբանում՝ խմբակցությունների անունից

21.08.2026 - 16:54 դիտում

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ցանկացած՝ լինի մշտակա՞ն հանձնաժողովի, թե՞ այլ կարգավիճակի վերաբերյալ, ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածուներ ունի, որոնք արհեստավարժության տեսանկյունից կարող են ապահովել այն գործունեությունը, որը վերաբերում է խորհրդարանական վերահսկողությանը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածության քննարկման շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:

«Բոլոր դեպքերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կատարված գործողությունը ժողովրդավարական չէր: Այն ԱԺ առաքելության՝ Սահմանադրության էությանը չէր համապատասխանում և չէր բխում դրանից»,- ասաց Վարդևանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն իր ելույթի ժամանակ պարզաբանեց՝ խնդիր են տեսել Հայկ Ֆարմանյանի թեկնածության հետ կապված:

«Հայկ Ֆարմանյանի թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական խոսույթը մեզ բերեց այն համոզման, որ վերջինս կոմպետենտ չէ այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար:

Հարցուպատասխանի ժամանակ, նաև երեկվա հարցուպատասխանի ժամանակ, արձագանքները լսելով՝ համոզվեցի, որ մենք շատ ավելի քան հիմնավորված որոշում ենք կայացրել, և եթե խնդիրը սաբոտաժը լիներ, ինչպես ասվում է ձեր ելույթներում (դիմում է խորհրդարանական ընդդիմությանը-խմբ.), մենք Արամ Վարդևանյանին չէինք ընտրի [ԱԺ փոխնախագահ], նույնը չէինք անի Լիլիթ Գալստյանի դեպքում (ընտրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ-խմբ.)»,- ասաց Մանավազյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները փակ քվեարկության արդյունքում չընտրվեցին առաջադրված պաշտոններում:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն Արեգա Հովսեփյանին առաջադրել էր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, Դավիթ Ղազինյանին՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, իսկ Հայկ Ֆարմանյանին՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Սրանք այն հանձնաժողովներն են, որոնց նախագահությունը, ըստ Դոնթի բանաձևի, բաժին է ընկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կարգի համաձայն, վերոնշյալ երեք հանձնաժողովների նախագահների պաշտոնում պետք է առաջադրի նոր թեկնածուներ: Ըստ այդմ՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ