«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Գոհար Ստեփանյան 21.04.2021 - 20:18
21.04.2021 - 20:18 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հրաժարականի դիմումի մասին.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ապրիլի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Այս առնչությամբ Նարեկ Մկրտչյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սույնով տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Միաժամանակ հայտնում եմ, որ գործունեությունս շարունակելու եմ գործադիրում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզի բնակիչներին՝ ինձ տրված վստահության քվեի համար։ Շնորհակալ եմ նաև ԱԺ գործընկերներիս, Արմավիրի մարզային իշխանություններին, ինչպես նաև ՏԻՄ ղեկավարներին՝ համատեղ աշխատանքի համար։ Պատգամավորական գործունեությանս ընթացքում փորձել եմ հնարավորինս հասանելի լինել քաղաքացիներին, լսել նրանց խնդիրները և գտնել լուծումներ։ Հիմա առավել քան երբևէ մեր երկիրն ունի բոլորիս աջակցության և հոգածության կարիքը, ուստի սիրենք միմյանց, ներողամիտ լինենք և համատեղ ջանքերով գործենք ի փառս Հայաստանի Հանրապետության»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ