Ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. ՀՀ վարչապետը՝ ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Աննա Կոստանյան 22.02.2023 - 17:39
22.02.2023 - 17:39 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Վարչապետը շնորհավորել է տիկին Քվինին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու ընդլայնվել:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և հավելել, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար:

Այս համատեքստում, դեսպանը կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը: Միաժամանակ, նա հայտնել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-թուրքական գործընթացին և այլ հարցերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ