Ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ սահմանը հատել է բռնի տեղահանված 70 500 անձ

Աննա Կոստանյան 28.09.2023 - 16:24
28.09.2023 - 16:24 դիտում

Սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հատել են ՀՀ սահմանը, կազմում է 70 500 անձ: Նրանցից մոտ 50 866-ը հաշվառված է: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Գիշերվա ընթացքում բոլորն աշխատել են, և պետք է նկատել, որ ինտենսիվությունը բնավ չի նվազել, և շարունակում ենք ժամում շուրջ 1000 անձի սպասարկել, ուղղորդել և նրանց հաշվառումն իրականացնել այս գործողությունների ընթացքում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիների փոխադրման ուղղությամբ, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ, քայլեր են ձեռնարկվել: Այս պահին Գորիսում մոտ 35 մեծ ավտոբուսներ են տեղակայված, և երբ երթևեկի ինտենսիվությունը թեթևանա, դրանք կկարողանան մեկնել հետադարձ ուղղությամբ՝ դեպի Ստեփանակերտ:

«Անխտիր բոլոր այն անձանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, պետության կողմից առաջարկվում է կեցավայր»,- հերթական անգամ ընդգծեց Նազելի Բաղդասարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ