Թուրքիան կարճ ժամանակ անց կարող է վերածվել կազմակերպված հանցավոր կառույցի․ Քըլըչդարօղլու

Հրաչ Սահակյան 18.11.2020 - 23:34
18.11.2020 - 23:34 դիտում

Թուրքիայի Հանրապետական Ժողովրդական կուսակցության (CHP) գլխավոր շտաբում Քեմալ Քըլըչդարօղլուն և  «Ապագա» (Gelecek)կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն հանդիպումից հետո խոսել են տեսախցիկների առաջ և ընդգծել, որ նախագահական կառավարման համակարգը պետական ինստիտուտները դարձրել է ոչ գործառական։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով GazeteDuvar լրատվական կայքը։

Դավութօղլուն, խոսելով խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունների և նոր սահմանադրության անհրաժեշտության մասին, ասել է․ «Ակնհայտ է, որ Թուրքիան ոչնչի չէր կարող հասնել նախկին սահմանադրություններով ընդունված մոդելներով, սակայն նախագահական կառավարման համակարգը, որն իբր եկավ այդ խնդիրները լուծելու համար, երկուսուկես տարվա ընթացքում ոչնչացրեց պետական կառույցների ների ինստիտուցիոնալ միտքը, լուրջ խնդիրներ առաջացրեց պետական սովորույթներում և Թուրքիայի ճակատագրում գերակայող դարձրեց իշխանության անհատականացված ընկալումը»:

Քըլըչդարօղլուն, անդրադառնալով Թուրքիայի հանցավոր կազմակերպության առաջնորդ Ալաաթթին Չաքըջի՝ իրեն ուղղված սպառնալիքներ պարունակող նամակին, ասել է․ «Ես քննադատում եմ Էրդողանին, Բահչելին է պատասխանում։ Քննադատում եմ Բահչելիին, ընդհատակյա աշխարհի առաջնորդ է պատասխանում։ Աստծո սիրուն, տեսեք, թե ինչ վիճակի է հասել Թուրքիան։ Նախկինում էլ ես հայտարարել եմ․ որտեղ չկա օրենք, որտեղ օրենքը խախտվում է, որտեղ արժանիքները փլվում են պետության մեջ, որտեղ չկա դատական համակարգ, որոշ ժամանակ անց այդ պետությունը կարող է վերածվել կազմակերպված հանցավոր կառույցի: Ինչպե՞ս կարող է նման քննադատությունն այլ տեղից գալ, այն պարագայում, երբ ինձ պետք է պատասխանեն պարոն Բահչելին կամ նրա ընկերները»։

Ահմեդ Դավութօղլուն ևս անդրադառնալով վերոնշյալ նամակին, նշել է, որ այս օրերին, երբ խոսում են բարեփոխումների մասին, եթե քաղաքական կուսակցության առաջնորդին բացահայտ սպառնում են, եթե նա ենթարկվում է ամեն տեսակի կոպտության և մյուս կողմում էլ հասարակությունը բաժանվում է ընդունելիների և անընդունելիների, ապա դրա համար պատասխանատու են միայն իշխանությունները:

Էմմա Արդարյան

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ