Թբիլիսիում իրավիճակն անհանգիստ էր մինչև ուշ գիշեր

Աննա Կոստանյան 7.07.2021 - 12:54
7.07.2021 - 12:54 դիտում

Երեկ մինչև ուշ ժամի անհանգիստ է եղել իրավիճակը Թբիլիսիում, գրում է Aliq-ը: Ի պատասխան ծայրահեղականների գործողությունների, որոնք խափանեցին ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը», մայրաքաղաքի կենտրոնական Ռուսաթավելու պողոտայում, խորհրդարանի հարակից տարածքում անցկացվել է «Լուռ ակցիա»:

Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ծայրահեղականների հարձակումներից տուժածներին, խորհրդարանի շենքի վրա բարձրացրել են Եվրամիության դրոշը: Ակցիան խաղաղ չի անցել, ոստիկանները ստիպված են եղել պատնեշներ ստեղծել ծայրահեղականների հարձակումներից խաղաղ ցուցարարներին պաշտպանելու համար: Նրանց ուղղությամբ շշեր, քարեր, ձվեր, փայտիկներ ու հրավառ նյութեր են նետել, խորհրդարանի շենքի հետնամասում հարձակման են ենթարկվել ԼԳԲՏ որոշ ներկայացուցիչներ:

«Լուռ ակցիայի» ավարտից հետո են միայն հեռացվել արգելապատնեշները, և ծայրահեղականներին հաջողվել է հասնել խորհրդարան, իջեցնել ԵՄ դրոշն ու այրել այն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թբիլիսիում հավաքների ընթացքում կատարած խախտումների համար ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ