Ըստ Էրդողանի՝ 2025-ին ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից

Աննա Կոստանյան 13.07.2023 - 18:28
13.07.2023 - 18:28 դիտում

Հուլիսի 12-ին Վիլնյուսում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Ադրբեջանցի լրագրողներից Խայալ Ազիզովը, նշելով, որ բոլորին հայտնի է Լեռնային Ղարաբաղում խնդիրների առկայությունը և իբրև թե այնտեղ տեղակայված ռուս զինվորները անհանգստացնում են Ադրբեջանին ու Հայաստանին, Էրդողանին ուղղել է հետյալ հարցը. «Նախորդ շաբաթ Ադրբեջանի դրոշի նկատմամբ Ղարաբաղում անարգանք է եղել, ռուս զինվորները, իջեցնելով Ադրբեջանի դրոշը, գետնին են նետել, դրա տեսագրությունն էլ կա։ Ռուսները ցանկանում են, որ նրանք մնան այնտեղ։ Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ Ռուս զինվորը արդյո՞ք պետք է շարունակի իր ներկայությունը Ղարաբաղում, թե՞ երկու տարի հետո, եթե կողմերից մեկն ասի՝ թող ռուս զինվորը լքի Ղարաբաղը, նրանք պիտի լքեն։ Ձեր դիրքորոշումը սրա հետ կապված ինչպիսի՞ն է»:

Ի պատասխան Թուրքիայի նախագահն ասել է. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսասատանը մնա պայմանագրի համաձայն որոշված վայրերում մինչև 2025-ը: Իսկ 2025․-ին Ռուսաստանը լքելու է այդ վայրերը։ Պայմանավորվածությունն այդպիսին է։ Ես էլ հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու այդ պայմանավորվածությանը։ Իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևն էլ՝ հետևողական է դրան։ Շնորհակալություն»:

Հիշեցնենք, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածին՝ Հակարիի կամրջի վրա, Ադրբեջանի կողմից ապրիլի 23-ին տեղակայված անօրինական սահմանային անցակետի մոտ՝ կամրջի Հայաստանի սահմանից ներս գտնվող մասում, ադրբեջանի սահմանապահ ծառայությունները փորձել էին բարձրացնել Ադրբեջանի դրոշը, ինչը սակայն խաթարվել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության կանխարգելիչ գործողությունների շնորհիվ:

Ավելի ուշ սակայն ադրբեջանական կողմին հաջողվել էր տեղադրել դրոշը: Տեղադրելուց հետո այն արդեն հեռացվում է ռուս խաղաղապահների համապատախսան գործողությունների արդյունքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ