Ընտանիքն անհիմն 2.700.000 դրամ է ստացել. ՌՈ-ն հայտնաբերել է գերիների և անհետ կորածների ցանկում կեղծ տվյալի ներառման դեպք

Աստղիկ Խաչատրյան 10.12.2021 - 16:04
10.12.2021 - 16:04 դիտում

ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք գերիների և անհետ կորածների թվում մուտքագրել են կեղծ տվյալներ, որի հետևանքով տվյալ անձի ընտանիքը 2.700.000 ՀՀ դրամ գումար է ստացել:

Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ:

Հաղորդագրության մեջ նշվում է.

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021թ. hունվարին ՊՆ տարբեր ստորաբաժանումների համապատասխան պաշտոնատար անձինք, պատասխանատու լինելով մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման հանձնաժողովից ստացված անվանացանկերում ընդգրկված անձանց զինծառայող կամ կամավորագրված անձ հանդիսանալու հանգամանքը հաստատելու և նրանց ընտանիքի անդամների տվյալները ճշգրտելու համար, ծառայության նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք և ՊՆ ԶԱՍՊ և ՎՀԳՎ ներկայացված անվանացանկում ընդգրկել են զինծառայող կամ կամավորագրված անձ չհանդիսացող քաղաքացի Ռ. Ա.-ի տվյալները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ՝ առանց բավարար հիմքերի Ռ. Ա.-ի ընտանիքի անդամներին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ից մինչ օրս փոխանցվել է 2.700.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /«Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»/ 07.12.2021թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ