Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբեր են վաճառվել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Աստղիկ Խաչատրյան 14.07.2021 - 09:05
14.07.2021 - 09:05 դիտում

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Էջմիածնի դեղատներից մեկում հոգեներգործուն հաբերի վաճառքի դեպքեր և հաբերի մատակարարին։

«Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ու ԱԳԸԲԿ բաժանմունքների ծառայողները «Նելեգալ-2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկել են տարաբնույթ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հուլիսի 9-ին տեղեկություն են ստացել, որ Էջմիածնում բնակվող և անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող 40-ամյա մի կին Էջմիածնի Բաղրամյան փողոցի դեղատներից մեկում տարբեր անձանց վաճառում է «լիրիկա» հոգեներգործուն հաբեր։ Տեղեկությունը ստանալու օրը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց գնորդներից մեկը։ Արմավիրի մարզի Դողս գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց «լիրիկա» գրառմամբ 9 հաբ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Այնուհետև քրեական հետախույզները հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին 40-ամյա կնոջը։ Շուտով պարզվեց, որ նա 8 հաբ էլ վաճառել էր մեկ այլ տղամարդու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, դեղատունը խուզարկվել է։ Հայտնաբերվել է «Լիրիկա» գրառմամբ 94 հաբ, որոնք առգրավվել են։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դեղատան տնօրենը հաբերը ձեռք է բերել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում բնակվող 49-ամյա մի կնոջից, որը նույնպես հայտնաբերվել է ու տվել խոստովանական ցուցմունք։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ