Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իրավիճակից բխող գործողությունների ճանապարհային քարտեզ

Աննա Կոստանյան 14.11.2020 - 16:30
14.11.2020 - 16:30 դիտում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Հայաստանում ստեղծված իրավիճակից բխող գործողությունների իրենց ճանապարհային քարտեզը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այն ներկայացրեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

Նա նախ նկատեց, որ քաղաքական ոչ մի ուժ չի ներկայացրել ճանապարհային քարտեզ, թե ինչ է պետք անել: «Լավ, Փաշինյանը պետք է հեռանա, իսկ հետո ի՞նչ պետք է լինի»,-նշեց նա:

Մարուքյանը նկատեց՝ մարդիկ ասում են՝ եթե Փաշինյանը հրաժարական տա, երկրում քաոս կլինի: Սակայն նշեց, որ իրենց առաջարկած տարբերակը բացառում է քաոսը: Այնուհետև կուսակցության ղեկավարը մանրամասն ներկայացրեց իրենց գործողությունների ծրագրերի կետերը մանրամասն;

Առաջին կետով ԼՀԿ-ն նշում է, որ վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն: «Երկրորդ՝ ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ՝ փոխադարձ վստահելի: Երրորդ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության , հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների վերականգնում»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ բոլոր այն ուժերը, որոնք ասում են, թե հիմա հնարավոր է գնալ բանակցել և ստորագրված փաստաթուղթը փոխել, նրանք կամ չգիտեն, թե դա ինչ պայմաններում է ստորագրվել, ինչը շատ վատ է, կամ էլ գիտեն, թե ինչ պայմաններում  է ստորագրվել, բայց միևնույն ժամանակ այդ հայտարարությունն անում են:

Հաջորդ կետով ԼՀԿ-ն մատնանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք ներուժի համախմբումը: Հինգերորդ կետով նշվում է ներքին իրավիճակի կայունացման, բախումների դադարեցման, հանրային համերաշխության, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի տոտալ բացառման մասին: Վեցերորդ կետով նշվում է՝ պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով։

Յոթերորդ կետով նշված է՝ զոհված և վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում, ութերորդ՝ արցախահայության (այդ թվում՝ փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում։

ԼՀԿ-ն իր ճանապարհային քարտեզում անդրադարձել է  նաև կորոնավիրուսին՝ իններորդ կետով նշելով կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգումը։

Տասներորդ կետով սահմանվում է միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավերված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:

Տասնմեկերորդ կետով ԼՀԿ-ն կարևորել է հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխությունը, արտաքին քաղաքականության վերաիմաստավորումը, նախաձեռնողական քաղաքականության վարումը դաշնակից և այլ պետությունների հետ, Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնումը միջազգային դատական ատյաններում:

Տասներկուերորդ կետով ԼՀԿ-ն նշել է տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակման, կայուն զարգացման ապահովման, տասներեքերորդով՝ ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ